搜索
热搜: music
门户 Culture Language view content

Արաբական թերակղզի

2015-6-28 00:25| view publisher: amanda| views: 4357| wiki(57883.com) 0 : 0

description: Արաբական թերակղզի (արաբ․՝ جزيرة العرب‎‎, Ջազիրաթ ալ-Արաբ) կամ Արաբիա, աշխարհագրական շրջան Հարավարևմտյան Ասիա ...
Արաբական թերակղզի (արաբ․՝ جزيرة العرب‎‎, Ջազիրաթ ալ-Արաբ) կամ Արաբիա, աշխարհագրական շրջան Հարավարևմտյան Ասիայում։ Տարածքը 3 237 500 կմ2 է, բնակչությունը՝ ավելի քան 77 միլիոն մարդ[1]։ Կոմունիկացիոն տեսանկյունից գտնվելով 3 աշխարհամասերի՝ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հատման կետում՝ Արաբական թերակղզին իր ուրույն տեղն ունի համաշխարհային պատմության մեջ։ Թերակղզու դերը հատկապես մեծացավ 19-րդ դարի ընթացքում։ Հայտնաբերվում են «սև ոսկու»՝ նավթի և «կապույտ վառելիքի»՝ բնական գազի հսկայական պաշարներ։ Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում տեղակայված է նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը, բնական գազի պաշարների գրեթե կեսը։ Կան նաև մետաղների օգտակար հանածոների հանքավայրեր։

Թերակղզու և հարակից կղզիների վրա են տեղակայված Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը։ 1981 թվականին Եմենից բացի թերակղզու պետությունները հիմնում են Պարսից ծոցի տնտեսական համագործակցության խորհրդի մեջ (արաբ․՝ مجلس التعاون لدول الخليج العربي‎‎), որի մեջ, սակայն, չի մտնում Եմենը։ Թերակղզին հյուսիսից եզերում են Հորդանանը և Իրաքը։

Աշխարհագրական պայմանները

Արաբական թերակղզին դեռ վաղնջական ժամանակներից անջատվել է Աֆրիկա մայրցամաքից և միացել Եվրասիային։ Աֆրիկայի և թերակղզու միջև առաջացած ճեղքը լցվել է Հնդկական օվկիանոսի ջրերով, և առաջացել է Կարմիր ծովը։ Հյուսիսում՝ Ասիական մայրցամաքի միացման տեղում, Հայկական լեռնաշխարհից հոսող Եփրատ և Տիգրիս գետերը գետաբերուկներով ձևավորել են Միջագետքի դաշտավայրը։ Այսպես, Արաբական թերակղզին խոշորագույնն է աշխարհում, և տարածքով գրեթե կրկնակի ավելին է, քան հարևան Հինդուստան թերակղզին (մոտ 1,8 միլիոն քառ.կմ)[2]։
Ռելիեֆ

Արաբական թերակղզին հյուսիսից առաջավորասիական երեք բարձրավանդակներին (Իրանական բարձրավանդակ, Հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիայի կամ Անատոլիայի սարավանդ) միացած է Միջագետքի դաշտավայրի (արաբ․՝ ما بين النهرين‎‎) և Սիրիական անապատի (արաբ․՝ بادية الشام‎‎) միջոցով։ Հյուսիսում ավազուտային անապատներն են։ Մնացած կողմերը ողողում են Հնդկական օվկիանոսի ջրերը։ Արևելքում Պարսից ծոցն է (արաբ․՝ الخليج العربي‎‎), որը Օմանի ծոցին միանում է Օրմուզի նեղուցով (արաբ․՝ مضيق هرمز‎‎)։ Հարավում Ադենի ծոցն է (արաբ․՝ خليج عدن‎‎) ու Արաբական ծովը (արաբ․՝ بحر العرب‎‎)։ Արևմուտքում Աֆրիկա մայրցամաքից անջատված է Կարմիր ծովով (արաբ․՝ بحر الأحمر‎‎)։ Վերջինս Ադենի ծոցին միացած է Բաբ էլ-Մանդեբի նեղուցով (արաբ․՝ باب المندب‎‎), որը թերակղզու հարավարևմտյան ծայրակետում է [2]։ Արտաքին աշխարհից մեկուսացված լինելու պատճառով արաբներն այն կոչել են «Արաբների կղզի»։
Մայրամուտ Ռուբ ալ-Խալի անապատում

Արաբական թերակղզին, որ ընդունված է անվանել Արաբական ենթացամաք, ունի ծովի մակերևույթից 760 մ միջին բարձրություն։ Նրա հարավ-արևմուտքում գտնվում են հնագույն լեռներ, որոնք զառիկող իջնում են դեպի առափնյա դաշտավայրային շերտը։ Թերակղզու ողջ արևմտյան ափին զուգահեռ Հիջազի լեռնաշղթան է (արաբ․՝ الحجاز‎‎)։ Նրա ու Կարմիր ծովի միջև ընկած նեղ տարածքը հայտնի է որպես Թիհամայի հարթավայր (արաբ․՝ التهامة‎‎)։ Արևելյան հատվածի Տուվեյկ լեռնաշղթան(արաբ․՝ الطويق‎‎) մի քանի անգամ ավելի կարճ է՝ 120կմ։ Այն Պարսից և Օմանի ծոցերի ափի մի մասով եզերում է թերակղզին[3][4]։ Հիջազը հյուսիսային լայնության 20-րդ զուգահեռականից հարավ վերածվում է լեռնային Ասիր շրջանի, իսկ հարավում Եմենն է։ Այստեղ գտնվում է ամենաբարձր կետը՝ ալ-Նաբի Շուեյբ լեռը (3666 մ)։ Այդ լեռնաշղթաների միջև ընկած է Նաջդի ընդարձակ սարահարթը։ Այստեղ են գտնվում երեք անապատներ Նեֆուդը (արաբ․՝ نفود‎‎), Դահնան (արաբ․՝ الدحنة‎‎) և խոշորագույնը՝ Ռուբ ալ-Խալին (արաբ․՝ ربع الخالي‎‎)[5]։

Հիջազի լեռներից որոշները գործող հրաբուխներ են։ Նրանցից մեկը ժայթքել է Մադինա քաղաքի մոտ 1256 թվականին [2]։ Տարածաշրջանը հարուստ է չորացած գետահուներով՝ վադիներով, որոնք փաստում են, որ ժամանակին այդտեղով ջրեր են հոսել։ Նաջդի կենտրոնում ձգվում է խոշորագույն վադին՝ ալ-Ռուման (500 կմ)։ Այդ վադիները անձրևների ժամանակ լցվում են ջրերով։ Դրանց ակունքներում հեշտ է գտնել ջրհորներ[4]։ Թերակղզու հարավ-արևմուտքում գտնվող լեռներում բավականաչափ տեղումներ են լինում (տարեկան մինչև 1000 մմ)։ Սակայն թերակղզու հսկայական հատված տեղումներ գրեթե չի ստանում (10-100 մմ)։ Ժամանակ առ ժամանակ եկացող տեղումները չեն հասնում գետնին. բանն այն է, որ ավազներն այնքան են շիկանում, որ ջուրը գետնին չհասած՝ գոլորշիանում է։ Ամենատեղումնառատ շրջանը Եմենն է, որը զբաղեցնում է շուրջ 200 000 կմ2 տարածք։ Այստեղ ավելի քան 4000 տարի առաջ սկսել էր ձևավորվել հնագույն քաղաքակրթություն[6]։
Բուսական և կենդանական աշխարհ
օազիս Օմանում

Հազարամյակներ շարունակ՝ ընդհուպ մինչև մեզնից 10 000 տարի առաջ, Արաբական թերակղզին պատված է եղել արևադարձային մշտադալար անտառներով, իսկ Հիջազի լեռներից հոսել են բազմաթիվ գետեր։ Դրա վկայությունն են այսօրվա չորացած գետահուները, ստորգետնյա ջրերի մեծ քանակությունը և նավթի ու բնական գազի հսկայական պաշարները։ Այսօր այդ անտառներից մնացել են օազիսներ, որոնք գտնվում են թերակղզու ստորգետնյա ջրեր ունեցող վայրերում։ Արևադարձային անտառները մնացել են հիմնականում Եմենում և Օմանում։ Տարածքը հիմնականում պատված է տափաստաններով ու կիսաանապատներով, ավազուտային անապատներով։ Օազիսներում հանդիպող հիմնական ծառատեսակը փյունիկյան արմավենին է և այլ լայնատերև բույսեր։ Անապատային շրջաններում խոնավության խիստ պակասի պայմաններում բույսերի տերևները վերածվել են փշերի։ Ուստի այստեղ հանդիպում են ուղտափուշ, օշինդր և այլն։

Օազիսներում հանդիպող միասապատ և երկսապատ ուղտերը ընտելացվել են մարդու կողմից։ Ի դեպ, միասապատ ուղտերի գերշահագործման և զանգվածային ոչնչացման արդյունքում այն հայտնվել է Կարմիր գրքում։ Հանդիպում են նաև անապատային տարբեր գիշատիչ կենդանիներ, գլխավորապես բորենիներ ու շնագայլեր, ժամանակին եղել են նաև առյուծներ։ Անապատներում շատ են սարդերը, օձերը, մողեսները։ Հարավի խոնավ շրջաններում մնացել են արևադարձային անտառները. Եմենում հանդիպում են կապիկներ։ Արաբական թերակղզին շրջապատող Հնդկական օվկիանոսի ջրային տարածքներում հանդիպում են ամենազանազան տեսակի բույսեր ու կենդանիներ։ Հատկապես հայտնի են Կարմիր ծովի կորալները և Պարսից ծոցի փափկամարմինները։ Այդ շրջանի արաբները մասնագիտացել էին մարգարտի որսի, ձկնորսության և այլ ոլորտներում։
Դահնա կամ Փոքր Նեֆուդ անապատը

Հարավային լեռնային շրջանները, ինչպես նաև՝ ալ-Ասիրը, հնուց հայտնի էին որպես երկրագործական և անասնապահական կենտրոններ։ Այստեղի քաղաքները մշտական տնտեսական կապի մեջ էին եգիպտական ու սիրիական քաղաքների հետ։ Հնդկական օվկիանոսից եկացող ծովային առևտրականները խարիսխ էին գցում Եմենի Կանա նավահանգստում։ Դեպի Երուսաղեմ գլխավոր ճանապարհն անցնում էր Հիջազով, որի կենտրոնում ձևավորվել էին խոշոր քաղաքներ Յասրիբը (արաբ․՝ يثريب‎‎), Մեքքան (արաբ․՝ مكة‎‎) և ալ-Տաիֆը (արաբ․՝ الطائف‎‎) [3]։ Հին Եմենի քաղաքներում զբաղվում էին մետաղամշակությամբ, կաշեգործությամբ, կավագործությամբ և այլ արհեստներով, իսկ հարակից գյուղերում բուծում տարատեսակ կենդանիներ, աճեցնում արմավենիներ։ Չորային պայմաններին լավ էին հարմարվել ուղտերը, այծերը, ոչխարները։ Տարածված մշակաբույսերից էին ցորենը, գարին։ Եմենը հայտնի էր այգեգործությամբ. այնտեղ շատ էին նռան, թզի, արմավի մի քանի տեսակների, խաղողի և այլ այգիներ։ Եմենը և Եթովպիան համարվում են սուրճի հայրենիքը [6]։
Պատմություն
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նախաիսլամական Արաբիա
Անտիկ պատմություն
Մադաին Սալեհ. լքված բնակավայր Արաբական թերակղզում

Արաբական թերակղզին սեմական ժողովուրդների հայրենիքն է [3]։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր Մահիկի» տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում Եթովպիա։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շումերը (արաբ․՝ سومر‎‎, Սումեր), Աքքադը (արաբ․՝ أكد‎‎, Աքքադ), Բաբելոնիան (արաբ․՝ أكبلاد بابلد‎‎, Բիլադ Բաբել), Փյունիկիան (արաբ․՝ فينيقيا‎‎, Ֆինիկիա), Ասորեստանը (արաբ․՝ آشور‎‎, Աշշուր), Ասորիքի (արաբ․՝ سوريا‎‎, Սուրիա) և Միջագետքի (արաբ․՝ بلاد الرافدين‎‎‎, Բիլադ ալ-Ռաֆիդեյն) հռչակավոր քաղաք-պետությունները[7]։ Աքքադը մարդկությանը հայտնի առաջին կայսրությունն էր, որի իշխանությանն էին ենթարկվում Բարեբեր Մահիկի և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանների երկրները։ Բաբելոնը մարդկության պատմության խոշորագույն քաղաքն էր, որը որոշ աղբյուրների համաձայն ունեցել է 200 000 բնակիչ։

Սեմական քաղաքակրթությունները որոնք ստեղծել էին հարուստ մշակույթ և հսկայական ներդրում կատարել մարդկության պատմության զարգացման համար։ Փյունիկիայի Ուգարիտ քաղաքում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կերտվել է աշխարհի առաջին այբունենը։ Արամեացիների լեզուն և այբուբենը դարեր շարունակ՝ մինչև հելլենիզմի դարաշրջանը, տիրապետող են եղել տարածաշրջանում։ Գտնվելով Չինաստանն ու Հնդկաստանը Միջերկրական ծովին կապող առևտրական ճանապարհների կենտրոնում՝ նրանք զբաղվել են տարանցիկ առևտրով և մշակութային փոխանակությամբ։ Ժամանակակից Սիրիայի ու Հորդանանի տարածքներում են գտնվում Նաբատեայի (արաբ․՝ مملكة الأنباط‎‎, Մամլաքաթ ալ-Անբատ) ու Պալմիրայի (արաբ․՝ تدمر‎‎, Թադմոր)՝ հելլենիստական ոճով կառուցված քաղաքները Այսօր չնչին բեկորներ մնացել են այդ պետություններից, ժողովուրդների մեծ մասը ձուլվել է։ Սակայն արաբ ժողովուրդը մնացել է պատմական նախահայրենիքում ու դարձել աշխարհի ամենահայտնի ժողովուրդներից մեկը[4]։
Նախաիսլամական նստակյաց քաղաքակրթություններ

Արաբական թերակղզին դարեր շարունակ բանկեցված է եղել տասնյակ ազգերով ու ազգություններով, ցեղերով ու ցեղային միություններով։ Սակայն գերիշխողը եղել և մնում են արաբները, որոնք իրենց են ձուլել շատ էթնիկ խմբեր։ Արաբական ցեղերը հայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որի հիմնադիրն Ադնանն էր [8], և հարավային, որի հիմնադիրն էր Կահտանը։ Հայտնի էին (արաբ․՝ بنو أسد‎‎, բանու ասադ)՝ առյուծի որդիներ, (արաբ․՝ بنو نسر‎‎, բանու նասր)՝ արծվի որդիներ, (արաբ․՝ تغليب‎‎, Թաղլիբ), (արաբ․՝ القريش‎‎, ալ-Կուրեյշ) և այլ ցեղերը Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպես նաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապես մեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։
Ջիբլա. քաղաք Եմենում

Հյուսիսային ու Կենտրոնական Արաբիայի բնակչությունը ևս զբաղվում էր նստակյաց հողագործությամբ։ Նպաստավոր էին ոչ միայն Յամամայի և Եմենի ոռոգովի տարածքները, այլև Նաջդի սարահարթի, Բահրեյնի դաշտավայրի ու Հիջազի լեռնային օազիսները[8]։ Նստակյաց ցեղերը ստեղծել էին քաղաք-պետություններ՝ շաաբաներ (արաբ․՝ الشعبة‎‎, ալ-շա'բա), որոնք հունական պոլիսներ էին հիշեցնում։ Դրանք իրենց ազդեցությունը տարածում էին նաև շրջակա գյուղերի վրա՝ նպաստելով դրանց զարգացմանը[4][5]։ 6-րդ դարում շաաբաների, ինչպես նաև Եմենում ձևավորված թագավորությունների թուլացումն ու անկումը բացասաբար անդրադարձավ սոցիալական, տնտեսական ու քաղաքական կյանքի վրա։ Պատճառը Մերձավոր Արևելքում և Հռոմեական կայսրությունում տիրող փոփոխություններն էին, որոնք հանգեցրին հին՝ նախնադարյան ու ստրկատիրական կարգերի վերջնական վերացմանն ու նոր հասարակարգի ստեղծմանը։ Արևելքի ժողովուրդները թևակոխեցին ավատատիրության դարաշրջան, որը տևեց 1,2-1,5 հազարամյակ։ Նախաիսլամական շրջանում՝ 6-7-րդ դարերի թերակղզու բնակչության 4-4,5 միլիոնը նստակյացներ էին, իսկ 2,5-3 միլիոն մարդ զբաղվում էր քոչվոր կամ կիսաքոչվոր անասնապահությամբ[3] հողագործությունը պատվազրկություն համարելով[2]։

Նախաիսլամական շրջանի ցեղային համակարգն ունի մոտ երկու հազարամյա պատմություն[2]։ Արաբական ցեղերը ունեին հիմնական անդամներ, որոնք իրար հետ կապված էին արյունակցական կապով, և երկրորդական անդամներ, որոնք պատերազմում հաղթված ցեղերի ստրկացված անդամներն էին կամ թույլ տոհմերի հնազանդ անդամները։ Բեդուինները զբաղվում էին քոչվոր անասնապահությամբ ու մասամբ հարձակումներով։ Արաբական թերակղզու հիմնական փոխադրամիջոցը, կենդանական սնունդի, հագուստի ապահովողն ու հարստության չափանիշը հարյուրավոր տարիներ եղել և մնում է ուղտը։ Այն կարող է առանց ջրի ու կերակրի ճամփորդել 4-5 օր, օրական 120-130 կմ[5]։ Ուղտի միսն ու կաթը դարեր շարունակ քոչվոր բեդուինների հիմնական սնունդն էր։ Ուղտի կաշվից ու բրդից մարդիկ պատրաստել են հագուստներ։ Բեդուինի առօրյա սնունդը լրացնում էր արմավենու պտուղը։ Վերջինիս կորիզից հաց պատրաստում[4]։

About us|Jobs|Help|Disclaimer|Advertising services|Contact us|Sign in|Website map|Search|

GMT+8, 2015-9-11 20:13 , Processed in 0.165718 second(s), 16 queries .

57883.com service for you! X3.1

返回顶部